Newmag.am-ը գրում է.
Այս շաբաթ հայտնի դարձավ, որ 11 պատգամավորներ դիմել են Աժ` Երևանում բնակարանի վարձի փոխհատուցում ստանալու համար: Եվ ստանում են: Յուրաքանչյուր պատգամավորի ամեն ամիս պետբյուջեից վճարվում է 100 000 դրամ: Վարդան Ղուկասյանն այս 11-ի մեջ էր, սակայն սեպտեմբերի վերջին գրավոր հրաժարվել է դրամական օգնությունից:
Իրականում պատգամավորներին պետք է տրվի բնակարանի վարձի փոխհատուցում, եթե նա ապրում է խորհրդարանից ակնհայտորեն հեռու: Օրինակ` Սյունիքից կամ Տավուշից ընտրված պատգամավորը չի կարող ամեն օր առավոտյան 10-ին գալ Երևան աշխատանքի ու վերադառնալ: Պետությունը պետք է ստեղծի կեցության պայմաններ, հետևաբար` բնակվարձի փոխհատուցումը նվազագույնն է, որ պետք է անի պետությունը:
Պետությունը պարտավոր է ստեղծել պայմաններ, հակառակ դեպքում` ոչ մի աշխատող չի համաձայնի աշխատել իր բնակության վայրից հեռու: Նույնն է, թե Վաշինգտոնում Հայաստանի դեսպանն ինքը հոգա իր տան վարձը: Պատգամավորը Երևանում է աշխատում ոչ թե իր ընտրությամբ, այլ որովհետև Սյունիքում կամ Տավուշում խորհրդարանի մասնաճյուղ չկա: Եթե պետությունը չի վճարում բնակվարձը, մարզաբնակ պատգամավորն ու երևանաբնակ պատգամավորը հայտնվում են ոչ հավասար պայմաններում:
Բացի այդ` մարզերի բնակիչները հարկեր են մուծում, հետևաբար իրենց ընտրած պատգամավորը նույնպես պետք է հնարավորություն ունենա արժանապատվորեն աշխատել ու ներկայացնել իրենց շահերը: Իրենց պատգամավորն էլ պետք է կարողանա չմտածել կենցաղային հարցերի մասին, պետք է ժամանակը ծախսի իր ընտրողների շահերը պատշաճ ներկայացնելու վրա:
Մյուս կողմից` խորհրդարանում պետք է միայն երևանցի՞ պատգամավորներ լինեն: Մի՞թե մայրաքաղաքից հեռու ապրելու և բավարար փող չունենալու հանգամանքը պետք է անհաղթահարելի խոչընդոտ լինի ազնիվ ու խելամիտ մարդու համար` նրա օրենսդրական գործունեության ընթացքում:
Բայց` պետությունը պե՞տք է վճարի մարզերից ընտրված պատգամավորների բնակարանի վարձը: Իրականում` ոչ:
Այն երկրում, որի արտաքին պարտքը տարեկան աճում է միջինը 1 մլրդ դոլար, որի բյուջեի ամեն լուման կենսական նշանակություն ունի, որի բնակչության ուղիղ կեսը աղքատ է` 600 հազար դրամից բարձր աշխատավարձ ստացող պատգամավորին նաև բնակարանի վարձի փոխհատուցում տրամադրելը շքեղություն է: Պատգամավորը իսկապե՞ս բնակարանի վարձ չի կարողանում տալ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ